Անահիտ Անդրեասյան

Խոշոր արտադրական ընկերության ֆինանսական տնօրեն

Մարդու մեջ ամենակարևորը սեփական արժանապատվության զգացողությունն է։ Այն ուղիղ համեմատական է այն արժանապատվությանը, որ դու տեսնում ես այլոց մեջ։ Չեմ սիրում լինել ուշադրության կենտրոնում, գերադասում եմ գողտրիկ տեղ գտնել և լուռ զբաղվել իմ գործով։ Բայց իմ աշխատանքի արդյունքը պիտի անթերի լինի, և այն պետք է նկատեն բոլորը։ Սերն ինձ համար անսահման վստահությունն է և մարդու ամենաբնականոն վիճակը։ Երջանկություն մշտապես կա, թեև մենք հաճախ այն չենք նկատում։ Իմ երջանկության կվինտէսենցիան իմ երեխան է։ Ես ընդհանրապես շատ եմ հավատում մեր զգացմունքների ուժին և էներգիային։ Իմ սիրո ուժը այնպիսի վիթխարի արտանետում էր տիեզերք, որ շատ տարիներ անց վերադարձավ ինձ իմ երեխայի ծնունդով։ Իմ հավատի ուժն այնքան մեծ է, որ երբեմն ես մտածում եմ, որ ես ամենակարող եմ։ Ես, հրաշագործի նման, կարող եմ իրականացնել իմ յուրաքանչյուր ցանկություն, միայն հարկավոր է շատ ուժգին ցանկանալ։ Ինձ համար խիստ կարևոր է տրամաբանությունը։ Իմ բոլոր մտքերը և գործողությունները ենթարկվում են իմ տրամաբանական շղթային։ Բայց ես նաև հասկանում եմ, որ կան շատ մարդիկ, ովքեր մտածում են այլ կատեգորիաներով՝ կերպարներով, ազդալիցքերով, ինտուիցիայով։ Ինձ դա տրված չէ։ Որպեսզի ինչ-որ կերպ համակերպվեմ նրանց արարքների հետ, ստիպված եմ լինում ինքս ինձ համար դասաշարել նրանց գործողությունների տրամաբանությունը։ Ամենազվարճալին այն է, որ նման մարդկանց շարքին է պատկանում նաև այն մարդը, ում հետ ես արդեն երկար տարիներ կողք կողքի ապրում եմ։

Scroll to Top