ՇՏԱՊ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ — 884,000 դրամ
— Իսկ ո՞րն է քո ամենամեծ երազանքը։
— Ինքնաթիռով թռչել։
Ծանոթացեք՝ Դավիթ Պիվազյանն է։ Նա վերջերս դարձավ 18 տարեկան։
Դավիթը կենսուրախ, բարի և հոգատար երիտասարդ է՝ հարուստ ներաշխարհով։
Նրա կյանքը հենց ծննդյան օրվանից պայքար է։ Դավիթը ծնվել է ծայրահեղ ծանր վիճակում, և այդ պահին վտանգված են եղել թե՛ երեխայի, թե՛ մոր կյանքը։ Երկուսն էլ հաղթահարել են այդ ծանր փորձությունը, և հենց առաջին իսկ օրվանից սկսվել է նրանց դժվարին ճանապարհը։
Տարիների ընթացքում Դավիթը բազմաթիվ անգամներ է եղել հիվանդանոցներում, վերակենդանացման բաժանմունքներում և վերականգնողական կենտրոններում։
Դավիթը շատ է սիրում կենդանիներին ու բնությունը։ Լուսանկարչության հանդեպ նրա հետաքրքրությունը հրաշալի հնարավորություն է դարձել՝ միավորելու այս երկու սերերը։ Այժմ նա սովորում է քոլեջում՝ լուսանկարչի մասնագիտությամբ, և առանձնահատուկ հետաքրքրությամբ բացահայտում շրջապատող աշխարհը տեսախցիկի օբյեկտիվի միջոցով։
Նրա մեկ այլ հետաքրքրությունը գրաֆիկական դիզայնն է։ Ազատ ժամանակ Դավիթը զբաղվում է լուսանկարների մշակմամբ՝ փորձելով զարգացնել իր հմտություններն ու ստեղծագործական կարողությունները։
Դավիթը սիրում է շփվել, ձգտում է դեպի մարդիկ, սակայն, ցավոք, առայժմ ընկերներ չունի։
Ընտանիքը ևս մեկ ծանր կորուստ է ապրել․ Դավիթի հայրը մահացել է…
Այսօր Դավիթին հատկապես անհրաժեշտ են մեր աջակցությունն ու հնարավորությունը՝ շարունակելու ուսումը, զարգանալու և բացահայտելու աշխարհը։
Չէ՞ որ բոլոր ախտորոշումների ու դժվարությունների հետևում առաջին հերթին երիտասարդ մարդ է՝ իր հետաքրքրություններով, տաղանդներով և երջանիկ ապագա ունենալու իրավունքով։
Հավաքվող միջոցներն անհրաժեշտ են գենետիկ հետազոտություն իրականացնելու համար։
Եկե՛ք միասին օգնենք Դավիթին։ Թող նրա ամենամեծ երազանքներից մեկը՝ ինքնաթիռով թռչելը, մի օր իրականություն դառնա։



