Ժամանակ գրեթե չկա։ Ցավոք, ստիպված ենք հենց սկզբից ասել սա, որովհետև հաշված օրեր են։ Նատելլա Սողոմոնյանն ընդամենը 34 տարեկան է։ Նա Եղեգնաձորից է, որտեղ ապրում է ամուսնու և երկու երեխաների հետ, բայց հիմա այս երիտասարդ կինը ոչ թե տանն է ընտանիքի կողքին, այլ հիվանդանոցում։ Նատելլան ունի սուր լեյկոզ։
Շուտով նա պետք է ստանա քիմիոթերապիայի վերջին կուրսը, ապա՝ ոսկրածուծի փոխպատվաստում։ Սա հնչում է որպես սարսափելի բառերի շարք, և եթե ձեր մեջ առաջացել է ցանկություն փակել էջը, խնդրում ենք՝ մի՛ արեք դա։ Նատելլան այնքան շատ հնարավորություններ չունի, իսկ դրանք բոլորը կախված են մեզնից։ Բուժումը մեծ գումար է պահանջում։
Ընտանիքը դիմանում է վերջին ուժերով։ Նատելլայի ամուսինը սպա է, արդեն 18 տարի ծառայում է Հայրենիքին։ Երեխաները սպասում են մորը։
Մենք արդեն հավաքել ենք ավելի քան 6 միլիոն դրամ՝ շնորհիվ ձեր նվիրատվությունների, տարածումների, մասնակցության և կարեկցանքի, բայց մեզ անհրաժեշտ է օգնության և աջակցության երկրորդ ալիք և հավատք։ Օգնենք Նատելլային առողջանալ և վերադառնալ իր երեխաների մոտ։ Լույսը հաղթում է, երբ մենք միասին վառում ենք այն։ Մի՛ մնացեք անտարբեր։
Ամեն տարածում մի հնարավորություն է։
Ամեն դրամ, դոլար, եվրո փրկության քայլ է։
Շնորհակալ ենք, որ կանգնում եք մեր կողքին։ Օտարի դժբախտություն չի լինում։
Բարեկամնե’ր, ուշադրություն
Ֆոնդի կյանքում լինում են տարբեր պահեր․ առավել հաճախ մենք ուրախանում ենք մեր շահառուների հաջողություններով՝ օգնելով նրանց առողջություն ձեռք բերել։ Բայց լինում են նաև պատմություններ, երբ հիվանդությունն է հաղթում։ Ցավոք, Նատելլային փրկել չհաջողվեց, հիվանդությունն ուժեղ գտնվեց։ Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում Նատելլա Սողոմոնյանի ընտանիքին և ընկերներին, կիսում ենք նրանց վիշտը։
Չծախսված գումարները կուղղվեն հերթում սպասող մեր մյուս շահառուի բուժմանը։
Բուժման ծախսերի հաշվետվությանը կարող եք ծանոթանալ ներքևում։

Լուսանկար՝ արխիվից